ՄԵՐ ՄԱՍԻՆ: ՌՈՒԶԱՆՆԱ ԵՎ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱՂԱԲԱԲՅԱՆՆԵՐ

Standard

Մենք` 18 –ամյա Ռուզաննա և Սյուզաննա երկվորյակ քույրիկներս, ծնվել ենք  Տավուշի մարզի Կողբ գյուղում:

Ցավոք, ճակատագիրը մեր հանդեպ այնքան էլ բարեհաճ չի գտնվել, որովհետև մենք ունենք հենաշարժողական խնդիր: Մեր կյանքի անցած 18 տարիները բնավ էլ հարթ ու դյուրին  չեն եղել: Մեծանալով, ճանաչելով ինքներս մեզ ու մեր շրջապատը, տեսնում ու բոլորովին չէինք կարողանում հասկանալ, թե ինչու մեզ մոտ ամեն ինչ այնպես չէ,ինչպես մյուս երեխաների մոտ և թե երբ պիտի կարողանանք անվերջանալի թվացող բուժումների ու վերականգնողական մարզումների փոխարեն մենք էլ ժամանակն անցկացնել խաղահրապարակներում մեր հասակակիցների հետ միասին:

Ինչևէ, մեր ծնողների անմնացորդ նվիրումի, հոգածության ու խնամքի շնորհիվ, հաղթահարելով մեզ բաժին հասած ֆիզիկական դժվարություններն ու հոգեբանական խնդիրները, 2000 թվականի սեպտեմբերի մեկից սկսեցինք հաճախել դպրոց: 4 տարի շարունակ մեր ծնողները մշտապես ուղեկցել են մեզ դպրոցում: Իսկ հետո մեզ օգնելու գործը պատրաստակամորեն ստանձնեցին մեր դասընկերները, ինչի համար մեր խորին երախտիքի խոսքն ենք հղում նրանց բոլորին::

Անասելի մեծ է եղել «Հույսի կամուրջ» ՀԿ-ի դերը մեր կյանքում: Դա ասես ճակատագրի մեծ բարեհաճությունն էր մեր հանդեպ: Հաճախելով Նոյեմբերյանի Երեխայի զարգացման կենտրոն զգացինք ու հասկացանք, որ մեր կյանքում, հատուկ կարևորություն տալով կրթությանը, անհրաժեշտ է նաև լրացնել մարդկային շփումների պակասը: Ընդլայնվեցին մեր ընկերների և ծանոթությունների շրջանակը, փորձեցինք նորովի բացահայտել ինքներս մեզ, ձեռք բերել նոր կարողություններ ու հմտություններ: Այս ամենը կարծես ավելի ամրապնդեց հողը մեր ոտքերի տակ և առավել, քան երբևէ,ավելի հստակ մեզ պատկերվեց մեր ապագայի ուրվագիծը, ուր մենք մեզ տեսանք որպես բոլորից տարբեր, բայց բոլորին հավասար մարդիկ:

«Բոլոր երեխաներն էլ կարող են,եթե մենք նրանց համար ստեղծենք հնարավորություններ» ,-սրանք «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ տիկին Սուսաննա Թադևոսյանի խոսքերն են` հնչեցված Նոյեմբերյանի մասնաճյուղի հիմնադրման 5-ամյակին: Գուցե շատ երեխաներ այս խոսքերի մեջ բնավ էլ խոր իմաստ չտեսնեին, իսկ մեզ համար դրանք վերածվեցին հաստատուն քայլերով առաջ ընթանալու, չհուսահատվելու  կյանքի մի նոր` «Մենք ամեն ինչ կարող ենք» կարգախոսի:

Երկու քույրիկներով անդամակցում ենք Կենտրոնում ձևավորված Երիտասարդ առաջնորդների անձնական շահերի պաշտպանության խմբին, իսկ արդեն շուրջ մեկ տարի է «Իմ մասին» ծրագրի շրջանակներում ձևավորված մեդիա խմբի անդամ ենք: Այս ծրագրի շրջանակներում իրականացվող կարողությունների զարգացման բազմաթիվ դասընթացները, բանավեճերը, կլոր սեղաններն ու շահերի պաշտպանության միջոցառումները մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել: Դրանք տվել են մեզ ամենակարևոը`  շրջահայացություն, ազատ և անկաշկանդ մեր խոսքը, հայացքներն ու տեսակետներն արտահայտելու կարողություն: Տվել են, ինչու ոչ, կյանքի փորձ, ինքնավստահություն, խնդիրներին ավելի հեշտ և շուտ լուծում տալու կարողություն:

Նայելով հետ, մեր անցած կյանքի դժվարին ուղուն, այսօր վստահաբար կարող ենք ասել,որ մենք հաղթանակ ենք տարել մեր կյանքում մեզ բաժին հասած փորձությունների նկատմամբ: Սակայն և ոչ մի հաղթանակ պատահական չի տրվում կյանքում: Դրանք կամքի փորձարկումների ու մարզման արդյունք են միայն: Երեկվա, այսօրվա ու վաղվա մեր փոքր ու մեծ ձեռքբերումներն, անշուշտ, մեր պատվի հարցն են, մեր երախտագիտությունը մեզ սատարող մարդկանց,մեր ուղերձը` դժվարությունների ու փորձությունների առջև կանգնած, վաղվա օրվա նկատմամբ անտարբեր բոլոր երիտասարդներին:

Ռուզաննա և Սյուզաննա Աղաբաբյաններ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s