ԱՐԵՎԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Standard

2011թ. Հուլիսի 11-17, «Իմ մասին» ծրագրի շրջանակներում  Երիտասարդական հավաք Ծաղկաձորում

Ծաղկաձորյան առինքնող բնությունն իր հյուրընկալ դռները բացեց հյուրերիս առջև, և մենք, ամռան տապից ընդարմացած, ըմբոշխնեցինք կենարար զովը:

«Ալիք» հանգստյան տան աշխատակիցները ժպտադեմ ընդունեցին բոլորիս և միանգամից անմիջական ու մտերմիկ կապ հաստատվեց մեր միջև: Համալիրի` մեզ հատկացված հարմարավետ ու կահավորված համարում մենք առաջին իսկ պահից մեզ զգացինք ինչպես տանը: Բարեհոգի ու ժպտադեմ ընկեր Լիլիթն առաջնորդեց ու բացատրեց կարգուկանոնը: Թվում էր, թե բոլորովին այլ աշխարհում էինք հայտնվել, որտեղ թե° շրջապատող մարդիկ, թե° բնությունն այնքան մտերիմ ու գուրգուրող էին:

Մեր առօրյան հագեցած ու բազմաբովանդակ էր: Բազմապիսի բովանդակալից միջոցառումները, թեմատիկ քննարկումներն ու խաղ-վարժանքներն ավելի էին զարգացնում երեխաների մտահորիզոնը և իրազեկում տարբեր բնագավառների` մարդու իրավունքների, գենդերային հավասարության, առաջնորդության, խոսքի ազատության մասին:

Առանձնապես հետաքրքիր էին թեմատիկ բանավեճերն ու մեդիա դասընթացները, որոնք վարում էին մասնագիտացված կենտրոններից հրավիրված փորձառու մասնագետները:

Ֆորումի կազմակերպիչների  նրբանկատ, բարեհոգի ու սրտացավ վերաբերմունքը, նրանց նվիրումն ու բարեկրթությունը առավել պատասխանատվություն ու ոգևորություն էին ներշնչում մեզ:

Հեքիաթային թվացող այդ 7 օրերը վերափոխեցին մեր կյանքը, աշխարհընկալումը, մենք մեզ չափազանց կարևորված ու արժևորված զգացինք,որպես մի մեծ ամբողջի անբաժան մասնիկ: Մասնակից բոլոր երեխաները իրապես ճանաչեցին իրենց ներքնաշխարհը, կարողությունները, բացահայտեցին իրենց, լցվեցին նոր հույսերով ու ձգտումներով, որովհետև  միջավայրն իր անկեղծ ու անկաշկանդ ոգեշնչումով  խթանում էր այդ վերափոխումը` ցույց տալով կարծրատիպերից ու բարդույթներից անկախ առաջընթացի  ուղին:

Մեկշաբաթյա աշխատանքային հանգիստը Ծաղկաձորի բնաշխարհում մեզ կտրեց ամենօրյա հոգսաշատ առօրյայից` պարգևելով նոր շրջապատի և ընկերների, բազում օգտակար գիտելիքների ու հմտությունների  ձեռքբերման, հաճելի ժամանցի և լավ միջավայրի բերկրանքը: Երախտագիտության խոսքերով բոլորս հեռացանք այդ զմայլելի բնության գողտրիկ անկյունից` թաքուն հույս փայփայելով, որ գալիք ամռանը դարձյալ կվերադառնանք այդ հրաշք բնության գիրկը:

Արևիկ Պետրոսյան

/Նոյեմբերյանի մեդիա խմբի անդամ Գարիկ Ջիլավյանի մայրը/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s